Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով Բաղրամյան 26-ից կոչ արեց ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները և այդ պահանջների լուծումները դնել ինստիտուցիոնալ ճանապարհի վրա: Նա հիշատակեց, որ Հայաստանում իրականացրել են սիրո և համերաշխության հեղափոխություն, և հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակներն իրագործելու և ՀՀ քաղաքացիներին զգացնել տալու, որ իրենք են Հայաստանի տերը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ ժամանակին, երբ իրենք փակում էին ճանապարհները և բողոքի ակցիաներ էին անում, հավատացած էին, որ Հայաստանում չկա իշխանություն, որը մտահոգված է քաղաքացիների խնդիրներով և ցանկանում է լուծել դրանք և պաշտպանել քաղաքացիների իրավունքները: «Հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտ չէ, որ մենք ամենօրյա ռեժիմով փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդության:
 Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում: Քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է իշխանություններին, իսկ Հայաստանում այսօր հայտարարված է քաղաքացիների իշխանություն»,- ասաց նա: Ըստ վարչապետի՝ այսօր Կառավարությունն ստանում է այնքան նամակ, որքան նախկինում ստանում էր մեկ ամսվա ընթացքում: «Սա նշանակում է, որ կան բազմաթիվ խնդիրներ, և սա նշանակում է, որ կառավարությունը պետք է կարողանա այդ խնդիրները դասավորել, առաջնահերթությունները որոշել և լուծել: Եվ ես հիմա բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ տալ հնարավորությունը դա անելու»,- ասաց նա: ՀՀ վարչապետն առաջարկեց՝ անհնազանդություններ հայտարարելու փոխարեն բոլոր բնակավայրերից քաղաքացիները ներկայացնեն իրենց պահանջները, մեկ-երկու հոգանոց պատվիրակություններ ուղարկեն երկու ուղղություններով՝ ՀՀ Տարածքային և զարգացման նախարարություն և Կառավարչության քաղաքացիների ընդունելության բաժին: «Մենք վերցնելու ենք այդ դիմումները, կազմելու ենք առաջնահերթություններ, այնտեղ, ուր պետք են հանրային քննարկումներ, կազմակերպելու ենք»,- ասաց նա: Նա նաև նշեց, եթե Երևանի քաղաքապետարանի հրաժարականն են քաղաքացիները պահանջում, ապա դա էլ կքննարկեն, կքննարկեն նաև ՀՀ դատախազի հրաժարականի հարցը, եթե կա հանրային պահանջ: «Կքննարկենք, և կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի: Իսկ այն հարցերը, որոնց լուծումը անհնարին է թվում, դա էլ կլուծենք, որովհետև մենք արդեն անհնարինի սահմանն անցել ենք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ իր կոչին կհետևեն այն մարդիկ, որոնք սաբոտաժի տրամաբանությանը չեն հետևում, իսկ եթե շարունակեն, այդ հարցն էլ կքննարկեն: «Սիրո և համերաշխության մթնոլորտում բացառում ենք որևէ տհաճ երևույթ»,- ասաց նա: https://youtu.be/3kLaTQeyHik
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.