Տպավորություն է, որ մարդիկ ակնկալում են մի նախարարի, ով ամորֆ է. առողջապահության նորանշանակ նախարարը՝ իրեն ուղղված քննադատությունների մասին

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը նախարար նշանակվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, որոնք հիմնված են նախկինում նրա կողմից արված գրառումների վրա: Թորոսյանն ասաց, որ երբ իրեն առաջարկվել է զբաղեցնել նախարարի պաշտոնը, ինքը գիտակցել է, որ իր գործունեությունը լինելու է ոչ թե խոշորացույցի, այլ մանրադիտակի տակ: «Ես որոշեցի անդրադառնալ այդ քննադատություններին՝ իհարկե, չիջնելով այդ մակարդակի: Խորհուրդներ էին տալիս փակել սոցիալական ցանցերում մեր էջերը, որպեսզի մեր նախկին գրառումները մարդիկ չտեսնեն, բայց ես համարում եմ, որ անցյալը ջնջել հնարավոր չէ, և ես նման բան չարեցի: Սակայն հասկանում էի, որ մանիպուլյացիաներ կլինեն «սքրինշոթերի» ու ցիտատների տեսքով, որոնք կտրված կլինեին իրականությունից»,- ասաց Թորոսյանը:
 Նախարարը հայտնեց, որ մեջբերումներն արվում են հիմնականում պատվաստումների վերաբերյալ, և իր տեսակետը հիմնված է ապացուցողական բժշկության վրա: «Ես շատ զարմացա, որ այդ քննադատությունների մեջ մի գիծ էր գնում, թե ինչու ես պետք է ունենամ կարծիք պատվաստման հարցի շուրջ, այն էլ՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա: Տպավորություն է, որ մարդիկ ակնկալում են մի նախարարի, ով ամորֆ է, ոչ մի բանի մասին  կարծիք չունի,  այնքան զգույշ է պատասխանում այդ հարցերին, որ հանկարծ իրեն ոչ ոք չքննադատի: Ես ասեմ, որ միշտ ունեցել եմ կարծիք առողջապահության այն ճյուղերի մասին, որոնց մասին պատկերացում եմ ունեցել»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նաև ասաց, որ կիրառման օրվանից պատվաստումները քննադատվում են, սակայն դրանք երբեք չեն ապացուցվում փաստերով, ապացույցներով: «Երբ ես պատասխանում էի մի քիչ սարկազմով՝ նաև հատվածներ բերելով մի հայտնի ֆիլմից՝ փոքրիկ դագաղների մասին, ինչքան էլ մարդիկ փորձեն կոնտեքստից կտրել, կա մի պարզ ճշմարտություն, որքան էլ ուզենք մենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում՝ երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ողջ արսենալը, որոնց մեջ են նաև պատվաստումները»,- ասաց նորանշանակ նախարարը:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.