Մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանին սեփականություն տրամադրել. Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով ապահովելու հարցին: Դավիթ Հարությունյանը նշեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց որոշակի շինություն տրամադրել պաշտոնաթող նախագահին, սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման կետերը ուժի մեջ մտնեն այն ժամանակ, երբ ինքն այլևս վարչապետ չի լինի: Հարությունյանն ընդգծեց, որ այսօր նա չի ղեկավարում կառավարությունը, և օրենքով նախատեսված է սա: Նա նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ իրավունքից , որովհետև մյուսների համար այլևս նման սոցիալական երաշխիք չեն նախաձեռնել:
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ խնդիրը պարզ է, տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ հատվածի սեփականաշնորհման համար որոշումը չեղյալ հայտարարել ու գտնել այլ որոշում: Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով երաշխիքներն ի կատար ածել, այսինքն՝ սեփականություն տրամադրել: Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին  և նշեց.«Մենք այսպիսի կազմով վերջին անգամ ենք հանդիպում, բոլորիդ հաջողություն եմ մաղթում, նաև հաջողություն եմ մաղթում նոր ձևավորվող կառավարությանը»:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.