Դուք եք այն ուժը, որը պարտականություն ունի երկրի ապագայի համար անհանգիստ քաղաքացու ձևավորման գործում. Կ. Կարապետյանի շնորհավորական ուղերձը լրագրողներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Զանգվածային լրատվական միջոցների հարգելի՛ աշխատակիցներ, լրագրողներ, Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն Հայաստանի հզորացմանը։ Մենք բոլորս պարտավոր ենք ամեն մեկս մեր տեղում անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու գործում, և այս պրոցեսում դուք շատ մեծ առաքելություն ունեք: Դուք եք այն ուժը, որը պարտականություն ունի ոչ միայն հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները բարձրաձայնելու, այլ նաև հայրենասեր և իր երկրի ապագայի համար անհանգիստ քաղաքացու կերպարի ձևավորման գործում, քանի որ ի վերջո ամեն ինչի հիմքում կայծն աչքերում մարդն է:
Քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության, քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ դուք էլ եք պատասխանատու մեր երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում՝ մի միջավայրի, որտեղ մենք կլսենք և կընկալենք դիմացինի կարծիքը, անգամ եթե համաձայն չենք դրա հետ, ավելի բարի լինենք, իրար ավելի սիրով և հարգանքով կվերաբերվենք: Նման հանդուրժող միջավայր ձևավորելը բոլորիս պարտքն է: Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և բոլորիդ գարնանային լավ տրամադրություն եմ մաղթում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.