Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա . այսօր դաունի համախտանիշի միջազգային օրն է

Դաունի համախտանիշի միջազգային օրը նշում են մարտի 21-ին: Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, գենետիկ Արտյոմ Գասպարյանն ասաց, որ հիվանդությունն իրենից ներկայացնում է քրոմոսոմային շեղում եւ ոչ ոք եւ ոչինչ դրա առաջացման համար «մեղավոր» չէ: «Հայաստանում 8, 12 եւ 17 շաբաթական հղիների շրջանում սքրինինգ թեստեր են իրականացվում, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ կա՞ այդ շեղումը, թե ոչ»,-հավելեց նա: Գասպարյանի խոսքով` դաունի համախտանիշի սքրինինգ թեստեր հղիության ընթացքում կարող են անցնել բոլոր տարիքի կանայք: «Ծառայությունը վճարովի է եւ արդեն որոշ հիվանդանոցներում մտել է պարտադիր ընթացակարգի մեջ»,-ասաց բժիշկը: Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր է ընտրված ոչ պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր: Անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունը 1866 թվականին առաջին անգամ նկարագրեց այդ սինդրոմը, որը հետագայում կոչվեց իր անվամբ: Դաունի համախտանիշով երեխաների մոտ առկա են բարձրագույն նյարդային գործունեության փոփոխություն` մտավոր հետամնացության տարբեր մակարդակների տեսքով: Երեխաները, չնայած արտաքին ֆիզիկական նշանների,, ունեն զարգացման որոշակի ներուժ: Հետևաբար, երեխայի զարգացման բազմակողմանի խթանումը և վերականգնողական միջոցառումները կարող են որոշակի դրական արդյունք տալ: Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսիք են, օրինակ, սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.