ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է մարզերի առողջապահության պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է մարզերի առողջապահության պատասխանատուների հետ: «Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այս տարի իմ կարևոր անելիքներից են առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպումները։ Նպատակը` ոչ միայն նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այլև հանրային առողջապահական ծրագրերին նրանց ծանոթացնելն է»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նա հավելել է, որ բնակչության հետ ամենասերտ աշխատող ընտանեկան բժիշկները, թերապևտներն ու մանկաբույժներն են հենց առավել հաճախ նրանց հետ հանդիպողները։ «Մեր համախոհը դարձնելով` նրանց օգնությամբ մեր խոսքը պետք է հասցնենք լայն հասարակությանը»,- հավելել է նա։ ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը  հորդորել է մարզերի առողջապահության պատասխանատուներին` աջակցել տեղերում բժիշկների հետ հանդիպումների կազմակերպմանը։ Ընտանեկան բժիշկներին, թերապևտներին և մանկաբույժներին կներկայացվի նաև առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման տեսլականը։ «Մենք կարևորելու ենք պրոակտիվ` տարեկան երեք այցելությունը կցագրված բնակչությանը, որից մեկը բժշկի, երկուսը` բուժքրոջ կողմից»,-ասել է նախարարը` նշելով ևս մի խումբ գործառույթներ, որոնց կատարման արդյունքներով  նախատեսվում է ձևավորել այդ մասնագետների աշխատավարձերին գումարվող  բոնուսները։ Առանցքային այդ պարտավորությունների թվում կլինեն նաև իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումը, պատվաստումներում ընդգրկվածությունը։ Այս ամենը կարտացոլվի էլեկտրոնային առողջապահության համակարգում, վերահսկման մեխանիզմներ կներդրվեն։ Այնուհետև քննարկվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ և հստակ աշխատանքն ապահովելու նպատակով մեկնարկող ուսուցումը տեղերում կազմակերպելուն վերաբերող, ինչպես նաև կազմակերպչական մի շարք հարցեր։ Մարզերի առողջապահության կազմակերպիչները ներկայացրել են տեղերում դեղերի դեղատոմսով բաց թողնման  պատրաստվածությունը, իրազեկվածությունն ու ընթացքը, առաջարկվել է հանրության  իրազեկումը բարձրացնել նաև մարզային լրատվամիջոցներով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.