Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի

ՀՀ Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները: Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նշեց, որ բարձրագույն կրթության կազմակերպման մարտահրավերները շատ են, եւ Կառավարության կողմից առաջարկված այս օրենսդրական փաթեթը նպատակ ունի ժամանակակից զարգացումների ու ստանձնած պարտավորություններին համապատասխան կարգավորումներ ունենալ: Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն ՄկրտչյանըՆրա խոսքով՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելու են համակարգային փոփոխություններ: «Բարձրագույն կրթության ոլորտը առանձնահատուկ է: Ունենք բնակչության 51 տոկոսի ներգրավվածություն այս ոլորտում: Բարձրագույն կրթական համակարգը ամբողջ տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում, ինչպես ասենք ԱՄՆ-ի առաջատար բուհերից մեկի ֆակուլտետը, չնայած դրան կարողանում է պահպանել հիմնական ուղենիշները: Մասնագիտությունները, որոնք մեզ համար սովորական են, դասավանդվում են, շատերը կարող են 4-5 տարի հետո գոյություն չունենալ: Աշխարհում լուրջ պահանջներ են դրվում բարձրագույն կրթության ոլորտի առջև: Օրինակ՝ այն, որ պետք է ճկունություն ապահովել, որ կրթական համակարգը պատրաստ լինի դիմագրավելու մարտահրավերներին: Սա նշանակում է, որ այս ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի»,-ասաց նա: Լեւոն Մկրտչյանը խոսեց կրեդիտային համակարգի մասին՝ ընդգծելով, որ այն  ճանաչելի եւ ընդունելի է: «Այս ընթացքում մենք անցել ենք ֆինանսավորման որոշակի համակարգերի, բայց խնդիր ունենք որակի կապակցությամբ, եւ կրթական որակի վերաբերյալ դժգոհությունները կարելի է բաժանել՝ ըստ հասարակության շերտերի: Կարեւոր հարցերից մեկը հենց այն է, թե ինչքանով է կապված կրթական համակարգը աշխատաշուկայի հետ եւ ինչքանով է հաստատությունը հավատարիմ իր առաքելությանը: Բարձրագույն կրթության առաջին հիմնական չափանիշը աշխարհում հենց այն է, թե  որքանով է համալսարանն իր հիմնադիր առաքելությանը հավատարիմ, այսինքն՝ ինչի համար է ստեղծված համալսարանը, եւ տվյալ մասնագետը ինչքանով է ճիշտ ֆիքսում իր առաքելությունը»,-նշեց Լեւոն Մկրտչյանը: ԿԳ նախարարի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտի յուրահատկությունը այն է, որ այն իրավունք չունի միայն հետեւել շուկայի թելադրանքին՝ հատկապես այն երկրներում, որտեղ շուկան լիարժեք ձեւավորված չէ: «Հենց այդ ոլորտը կարող է ձեւավորել որոշակի շուկա, այսինքն՝ եթե որոշակի մասնագիտություններ որակապես ապահովենք, դա կնպաստի ամբողջովին նոր շուկաների ձեւավորմանը»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.