Բարձրագույն կրթության վերաբերյալ օրենսդրական բարեփոխումները նաեւ ամբիոնները երիտասարդ կադրերով համալրելու նպատակ ունեն. Լեւոն Մկրտչյան

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումները «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր մտահոգությունն արտահայտեց նախագծում տեղ գտած այն կետի վերաբերյալ, ըստ որի՝  կենսաթոշակային տարիքի գիտնականն այլեւս չի կարող մասնակցել տվյալ  բուհում թափուր տեղերի մրցույթներին: «Միեւնույն ժամանակ նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: Այս ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Այստեղ ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերն ու սուբյեկտիվիզմը: Նաեւ ռեկտորի ազդեցությունն է մեծանում: Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այդ նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է թույլ տալ շարունակել, թե ոչ: Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները, հանձնարարությունները կատարել է, թույլ կտա, եթե չէ, այլեւս թույլ չի տա»,- նշեց պատգամավորը, ով նաեւ իր մտահոգությունը հայտնեց բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելու արգելքի կետի մասին: «Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև՝ մարդու իրավունքների խախտում», - նշեց Սերգեյ Բագրատյանը՝ ընդգծելով, որ չկա որեւէ հստակ եւ պատճառաբանված կետ նման կադրային քաղաքականություն վարելու մասին: ԿԳ նախարարն էլ հստակեցրեց, որ այս ամենը ամբիոնները նաեւ երիտասարդ կադրերով համալրելու նպատակ ունի: «Ես դասավանդում եմ համալսարանում 1989 թվականից: Ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել դա նվաստացուցիչ: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, շարունակել ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե ավագի»,- նշեց նախարարը՝ հավելելով՝ Աստված երկար կյանք տա ավագներին, բայց մեր ամբիոններում 5-7 տարի հետո գիտնականներ չենք ունենա, որ շարունակեն գործը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.