ՄԱԿ-ը կոչ է արել արաբական կոալիցիային վերացնել Եմենի շրջափակումը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը կոչ է արել արաբական կոալիցիայի երկրներին չեղարկել Եմենի շրջափակումը, մասնավորապես՝ դադարեցնել օդային թռիչքների ու նավահանգիստների գործարկման արգելքի հետ կապված որոշումները, որոնք խոչընդոտում են երկիր հումանիտար օգնության հասցմանը, գրում է РИА Новости գործակալությունը: Շեշտելով, որ Եմենում ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառով հումանիտար օգնության կարիք ունի ավելի քան 21 մլն մարդ, որոնց թվում մի քանի միլիոնն արդեն բախվել է ծայրահեղ սովի, Սփինդլերը նշել է, որ իրավիճակը կարող է է՛լ ավելի սրվել՝ արաբական կոալիցիայի կողմից կիրառվող շրջափակման հետևանքով: «Իրավիճակը շարունակում է վատթարանալ, այն իսկապես ճգնաժամային է: Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են Եմենում սովից մարդիկ մահանում, իսկ կիրառված նոր պատժամիջոցները խոչընդոտում են սննդամթերքի, վառելիքի ու դեղորայքի մատակարարմանը», - ասել է ՄԱԿ պաշտոնյան: Սփինդլերը պատմել է, որ հումանիտար օգնության ծառայությունների ներկայացուցիչներն արդեն մի քանի օր է, ինչ չեն կարողանում անցնել Եմենի տարածք. դադարեցվել են դեպի Եմեն բոլոր ավիաչվերթներն ու փակվել են նավահանգիստները, իսկ մինչ այդ հասցված դեղորայքի պաշարները Եմենում կարող են սպառվել արդեն մի քանի շաբաթից: «Հումանիտար օգնությունն ինքնին չի կարող հանգուցալուծում տալ առկա կոնֆլիկտին, այն միայն միջոց է փրկելու մարդկային կյանքեր, սակայն ժողովրդի տառապանքին վերջ տալու միակ միջոցը կոնֆլիկտի լուծումն է», - ասել է պաշտոնյան: Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը զգուշացրել է Եմենում հնարավոր սովի մասին, որը կարող է վերջին մի քանի տասնյակների ընթացքում ամենասարսափելին դառնալ: Լոուկոկը շեշտել է, որ քանի դեռ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անդամ երկրները շրջափակման մեջ են պահում Եմենը և չեն վերականգնվել հումանիտար օգնության մատակարարումները, երկիրը կգտնվի լուրջ վտանգի առաջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է, որ փակում է բոլոր ցամաքային, օդային ու ծովային նավահանգիստներն ու ճանապարհները՝ Էր Ռիադի ուղղությամբ եմենցի ապստամբ հուսիթների կողմից հրթիռի արձակումից հետո։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.