Հայաստանի հավաքականը լարված պայքարում պարտվեց Ռուսաստանին

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ ընդունել է Ռուսաստանի իր հասակակիցներին և ցավալի պարտություն կրել:   Հանդիպումը կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվել 1:2 հաշվով:   Խաղի հաշիվը 24-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացել է Զելիմխան Բակաևը՝ գլխի հարվածով գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը՝ 0:1:   Բաց թողած գոլից հետո մեր թիմի դարպասին ևս երկու չափազանց վտանգավոր պահ գրանցվեց. երկու դեպքում էլ դարպասաձողը փրկեց Հայաստանի Մ21 հավաքականին վերահաս գոլերից: Նախ, Բակաևը խորքից կատարած հիանալի փոխանցմամբ Ավագյանի հետ մեն-մենակ դուրս բերեց Մելկաձեին, ով ներխուժեց տուգանային հրապարակ, իսկ նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:   2 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսանդր Զուևը մոտ 5 մետրից հարվածեց, ինչից հետո գնդակը դիպչելով դարպասաձողին՝ հրաշքով չհայտնվեց մեր ընտրանու դարպասում:   Վերջինս երկրորդ կեսի մեկնարկում կարողացավ կրկնապատկել իր թիմի առավելությունը՝ ձախ եզրից հետևած փոխանցումից հետո մոտ տարածությունից գնդակն ուղարկելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:   Մեր թիմի կազմում հաշվի տարբերությունը 69-րդ րոպեին կրճատել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էմիլ Եղիազարյանը՝ հեռահար հիանալի հարվածով: Եվս մեկ վտանգավոր պահ հետևեց արդեն մեր դարպասին. խաղի 75-րդ րոպեին Նիկոլայ Ռասկազովը  մոտ տարածությունից հուժկու հարվածով փորձեց սպասռնալ Հենրի Ավագյանի դարպասին. վերջինս վստահ գործեց և տիրեց գնդակին: Չնայած մինչև խաղավարտ գրանցված ևս մի քանի պահերի՝ մեր ընտրանու խաղացողներին չհաջողվեց պատասխան գնդակը հեղինակել և ոչ-ոքի կորզել: Նշենք՝ հանդիպման վերջնամասը բավականին լարված ստացվեց. կրքերը թեժացան խաղադաշտում և սկսվեց քաշքշուկ. մրցավարների և մարզչական շտաբի ներկայացուցիչների միջամտությունից հետո միայն կրքերը հանդարտվեցին և հնարավոր եղավ շարունակել խաղը:   Նշենք՝ այս կերպ, Հայաստանի Մ21 հավաքականը կրեց իր 3-րդ պարտությունը Եվրոպայի Մ21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլում: Այս հաղթանակի շնորհիվ Ռոսաստանի Մ21 հավաքականը իր միավորների թիվը հասցրեց 10-ի և ժամանակավորապես գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի Մ21 հավաքականը (7 միավոր) նահանջեց երրորդ հորիզոնական: Խմբի մյուս հանդիպումը կկայանա երեկոյան. 21:30-ին Ավստրիայի Մ21 հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Սերբիայի իր հասակակիցներին:   Եվրոպայի Մ21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ21 հավաքականը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ Երևանում հյուրընկալելով Սերբիայի Մ21 տարեկանների հավաքականին:   Հայաստան Մ21-Ռուսաստան Մ21՝ 1:2 Ավանի ակադեմիայի մարզադաշտ   Գոլերը՝ Բակաև (25'), Զուև (48')- Էմիլ Եղիազարյան (69')
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.