
Իսպանիայի գերագույն դատարանի դատավորը որոշում է ընդունել անկախության հռչակման հետ կապված դատաքննության ընթացքում կալանավորել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին՝ 150 հազար եվրո գրավով ազատելու իրավունքով, նշված է դատական որոշման մեջ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահության մյուս նախկին անդամներ Լուիս Կորոմինասը, Լուիս Գինոն, Աննա Սիմոն, Ռամոնա Բարուֆետը պետք է մեկ շաբաթվա ընթացքում 25 հազար եվրո գրավ մուծեն եւ առայժմ կարող են ազատության մեջ մնալ: «Այո՛, դա հնարավոր է» կոալիցիայի (կոալիցիայի մեջ է մտնում Podemos կուսակցության կատալոնական բաժանմունքը) ներկայացուցիչ Ժոան Ժոսեպ Նուետը կարող է ազատության մեջ մնալ առանց գրավ վճարելու:
Գրավը վճարելու դեպքում Ֆորկադելը եւ մյուս 4 պատգամավորները պետք է ամեն շաբաթ դատարան ներկայանան, նրանք չեն կարողանա Իսպանիայի տարածքից հեռանալ, նրանց անձնագրերը կառգրավվեն:
Դատախազությունը պահանջել է Ֆորկադելին եւ նախագահության 3 նախկին անդամներին կալանավորել, իսկ 6 քաղաքական գործիչներ 6,2 մլն եվրո գրավ վճարեն:
Իսպանիայի գերագույն դատարանում քննության ընթացքում Ֆորկադելը հայտարարել է, որ ճանաչում է Իսպանիայի կառավարության կիրառած Սահմանադրության 155 հոդվածը, որով ինքնավար համայնքում կենտրոնական իշխանությունները ուղիղ կառավարում են մտցրել: Նույնպիսի հայտարարություններ են կատարել Լուիս Կորոմինասը եւ Լուիս Գինոն: Ըստ որում՝ նրանք Կատալոնիայի անկախության հռչակումն անվանել են բացառապես խորհրդանշական: