Թուրքական դատարանը քրդամետ կուսակցության խոսնակին ձերբակալելու օրդեր է տվել

Ուրֆայի ծանր հանցագործությունների թիվ 5 դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ և պատգամավոր Օսման Բայդեմիրին ձերբակալելու օրդեր է տվել, այս մասին հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը: Բայդեմիրի ձերբակալության հրամանը բացատրվել է նրա՝ իր դեմ հարուցված գործի շրջանակում վկայություն տալու անհրաժեշտությամբ, որին պատգամավորը չի ներկայացել: Օսման Բայդեմիրն ու կուսակցության մեկ այլ պատգամավոր Դիլեք Օջալանը, որը քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զարմուհին է, մեղադրվում են իրենց ելույթներում ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար: Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապերի համար կասկածվող պատգամավորներին թուրքական դատարանը խոստացել է ազատ արձակել վկայությունը ստանալուց հետո: Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.