Բողոքի ակցիա ԵՊՀ դիմաց՝ ընդդեմ տարկետման սահմանափակման. օր 4-րդ

Արդեն 4-րդ օրն է՝ Երևանի պետական համալսարանի մոտ ուսանողները տարկետման սահմանափակման դեմ դասադուլ և բողոքի ակցիա են անում: Ինչպես տեղեկացրել են «Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան խմբի անդամները, այսօր ուսանողները շարժվելու են դեպի Ազգային ժողովի շենք: Հայտարարված է նաև, որ այսօր լինելու է «հիպերդասադուլ»: Քանի որ այս պահին հորդառատ անձրև է, ԵՊՀ կենտրոնական շենքի մոտ հավաքված ուսանողները համեմատաբար քիչ են: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հավաքված ուսանողներին ներկայացրեց երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկման որոշ մանրամասներ։ Նա հիշեցրեց, որ խնդրել էին կա՛մ ուղիղ եթեր, կա՛մ որ 3 լրատվամիջոցներ ներկա լինեն և տեսաձայնագրեն ողջ հանդիպումը, սակայն իրենց ասվել է, որ դա հնարավոր չէ: Բայց ուսանողերը փոխզիջման են գնացել, և համաձայնել են կառավարության այն առաջարկին, որ կառավարության մամուլի ծառայության տեսախցիկներով հանդիպումը տեսանկարահանվի և առանց մոնտաժի տեղադրվի: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 9-ին տարկետման սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի 3-րդ օրը մասնակից ուսանողները երթ էին իրականացրել Երևանի Աբովյան փողոցում, շարժվել դեպի կառավարության շենք։ Նրանց ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը. հանդիպմանը մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Հանդիպումից հետո ուսանողների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հակառակ կողմն իրենց տեսակետը չէր կիսում, հետևաբար իրենք շարունակելու են պայքարը: Վարչապետն ու պաշտպանության նախարարն էլ հայտարարել էին,  որ նախատեսվելու է օրենքից բխող մոտ 7 տասնյակ կառավարության որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է  ընդգրկվել  այդ որոշումների նախագծերը  մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները, սակայն ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.