
Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Համապատասխան զեկույցներով և ելույթներով հանդես են եկել պետական մի շարք կառույցների ղեկավարներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել պետական բյուջեի նախագծի շահագրգիռ և բազմակողմանի քննարկում՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կարող է հավանության արժանանալ:
«Մեր երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը արտացոլում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և իր էությամբ իրատեսական է»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս ամենին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինելու բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացում, բյուջետային միջոցների նպատակային օգտագործում, միջոցների օգտագործման վերահսկողության բարձր մակարդակի ապահովում, իրատեսական ծրագրերի մշակում և իրականացում:
«2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Դրանից հետո նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, որտեղ կլինեն ակտիվ ու գործնական քննարկումներ»,- իր ելույթում նշել է Նախագահ Սահակյանը:
Նիստում նաև հավանության է արժանացել ««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Գործադիր մարմինը հավանություն է տվել հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթին:
Կառավարության անդամները հավանություն են տվել Արցախի Հանրապետության առողջապահության պետական նպատակային ծրագրերին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2018 թվականի տարեկան ծրագրերին և հաստատել ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկերը:
Գործադիր մարմնի հավանությանն արժանացած օրինագծերն ու պետական ծրագրերը սահմանված կարգով Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում կներկայացվեն Ազգային ժողով: