Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է. Արմեն Աշոտյան

Արցախյան հակամարտությունը եղել և մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Ի՞նչ է փոխվել այս 30 տարիներին: Պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվում է: Երբ 88-ի փետրվարին Արցախյան շարժումն աշխարհում դիտվում էր որպես դեմոկրատական, արդարացի շարժում՝ ընդդեմ կոմունիստական ռեժիմի, ապա այժմ աշխարհը փոխվել է, սերունդներ են փոխվել: Այդ արդարությունը պետք է պարբերաբար ապացուցել և հիմնավորել: Չի կարելի մտածել, որ աշխարհը մեր խնդրի մասին գիտի ամբողջությամբ: Աշխարհն ունի իր սեփական բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են հարց լուծողների սերունդները, աշխարհը դարձել է նաև ավելի ցինիկ: Հետևաբար խորհրդարանական դիվանագիտությունն այս առումով պետք է ավելի նախաձեռնողական լինի»,- նշեց նա: Արմեն Աշոտյանի խոսքով՝ թիվ մեկ խնդիրը միաժամանակ նաև արցախցի գործընկերների ձայնը դրսում ապահովելն է: Պատգամավորը նշեց, որ շատ կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը տարբերակել միջազգայնացումից: «Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է: Ինչպես հասնել դրան: Դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը: Սակայն ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնել Արցախն ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ միջազգային պետական-կառավարական կազմակերպությունների և ծրագրերի մեջ: Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը: Մենք պետք է կարողանանք սեկտորալության միջոցով Արցախը ներառել համաշխարհային նախագծերի ու գործընթացների մեջ»,- նշեց Ա. Աշոտյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.