ԱՄՆ-ի գործադրած ճնշումը կարող է դրդել Իրանին իր սեփական միջուկային զենքը ստեղծել. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման անհրաժեշտության հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշումը կարող է դրդել Թեհրանին իր սեփական միջուկային զենքը ստեղծել: Ինչպես գրում է Time պարբերականը, Մակրոնը նշել է, որ ԱՄՆ-ի այս քայլը կարող է դառնալ «նոր Հյուսիսային Կորեայի ստեղծման պատճառ»: «Եթե դուք ուզում եք խզել բոլոր կապերն Իրանի հետ՝ կապված նրա միջուկային ակտիվության հետ, ապա դրանով իսկ կարող եք նոր Հյուսիսային Կորեա ստեղծել: Որո՞նք են ձեր առաջարկած տարբերակները, եթե չեղարկվի 2015-ի համաձայնագիրը: Պատերա՞զմ, հարձակում Իրանի վրա՞: Ես կարծում եմ, որ խելահեղ իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում», - ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ ըստ իրեն՝ 2015 թվականի պայմանավորվածությունը լավագույնն է, որը ձեռք է բերվել այս հարցում և որ դրա չեղարկումը կարող է վատ հետևանքներ ունենալ: Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 14-ին Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև կնքվել է պատմական միջուկային համաձայնագիր, ինչի արդյունքում Թեհրանը համաձայնել է սառեցնել վիճահարույց միջուկային ծրագիրը, իսկ դրա դիմաց Արևմուտքը չեղարկել է սահմանած ֆինանսատնտեսական պատժամիջոցների մեծ մասը: Սակայն Դոնալդ Թրամփի կարծիքով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրն անհաջող է ու չի բխում Միացյալ Նահանգների շահերից: Հայտնի է, որ «միջնորդ վեցյակի» մյուս 5 անդամները համակարծիք չեն Թրամփի հետ ու կողմ են համաձայնագրի պահպանմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.