16 հազար աղջիկ կպատվաստվի պապիլոմավիրուսային վարակի դեմ

Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերից երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշմանը, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով: Նախատեսվում է պատվաստել 13 տարեկան 16 հազար աղջիկ: Լևոն Ալթունյանի խոսքով՝ Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում: Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250-300 նոր դեպք, իսկ տարեկան արգանդի վզիկի քաղցկեղից մահանում են միջինում 100-130 կին: Միայն 2015 թվականին արձանագրվել է մահվան 127 դեպք, 2016 թ-ին՝ 116 մահվան դեպք»,- ասաց նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.