ՍԱՊԾ պետը խորհուրդ է տալիս սնունդ գնելիս` նայել մակնշմանը

Այսօր լրագրողների հետ զրույցում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն անդրադարձավ ամերիկյան Մոնսանտո ընկերության շուրջ առաջացած աղմուկին: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական սերմերի արտադրությամբ և արտահանմամբ, որոնցից ԳՄՕ պարունակությամբ գյուղմթերք է աճում: «Առհասարակ, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ կան տարբեր քննարկումներ: ՍԱՊԾ-ը գործողություններ է ձեռնարկում օրենսդրության շրջանակներում: Ներկայումս Մոնսանտո ընկերության կողմից Հայաստան ներկրվող սերմերի ծավալը չի գերազանցում մեկ տոկոսը, և ես չեմ կարծում, որ դա իր մեջ մեծ ռիսկ է պարունակում»,- ասաց նա: Իշխան Կարապետյանը հավելեց, որ ՍԱՊԾ-ը 2018թ-ին նախաձեռնել է լայն մոնիթորինգ իրականացնել գյուղմթերում պեստիցիդների, նեյտրատների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով: Այդ արդյունքները ամփոփելուց հետո նոր կունենան ամբողջական պատկեր: Ինքը, Կարապետյանը, որպես քաղաքացի, որպես մասնագետ, չի կարծում, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սնունդը նպատակահարմար է իրացնել Հայաստանում: ԳՄՕ օգտակարության կամ վնասակարության վերաբերյալ դեռևս վեճեր են ընթանում գիտական շրջանակներում: «Ինքս չէի կիրառի նման սնունդ: Մենք պետք է ուշադիր լինենք, հետևենք թե ինչ ենք ուտում, ուշադիր հետևելով մակնշմանը: Մակնշման մեջ պետք է անպայման նշվի, եթե տվյալ սնունդը պարունակում է ԳՄՕ, այդպես է պահանջում օրենսդրությունը»,- ասաց Կարապետյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.