Չինաստանում ամուրիների օրվա առթիվ ալկոհոլի «ցմահ» պաշար վաճառքի կհանվի

Չինական առցանց խանութներից մեկը մտադիր է ամուրիների օրվա կապակցությամբ 11.111 յուանով (մոտ 1.6 հազար դոլար) գլոբալ առցանց վաճառքի հանել ավանդական չինական բայցզյու թունդ խմիչքի «ցմահ» պաշար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով South China Morning Post-ին: Նշվում է, որ ապրանքի վաճառքը կմեկնարկի լույս նոյեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ին, և միայն 33 մարդ կարող է ձեռք բերել այն: Աղբյուրի հաղորդմամբ՝ առցանց վաճառողն ակցիայի շրջանակում պարտավորվում է ամսական 12 շիշ բայցզյու առաքել գնորդին մինչ նրա մահը, և եթե գնորդը մահանա գործարքից հինգ տարի անց, ապա ապրանքը որպես ժառանգություն կհասնի նրա ընտանիքի անդամներից մեկին: Խմիչքի սիրահարների համար ակնհայտ օգուտը կարող է զգացվել միայն մոտ 5 տարի անց, քանի որ սովորաբար բայցզյուի մի շիշն արժե 196 յուան: Այսինքն՝ գնված ալկոհոլի ընդհանուր գինը կգերազանցի 11.111 յուանը՝ 5 տարի պարբերական առաքումներից հետո: Կայքի տվյալների համաձայն՝ անցյալում ընկերությունն արդեն մի քանի անգամ կազմակերպել է նման ակցիաներ: Նշենք, որ Չինաստանում ամուրիների օրը տոնվում է ամեն տարի՝ նոյեմբերի 11-ին: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ ամսաթիվը կազմված է 4 հատ 1-ից: Ամուրիի օրը սկսել են նշել 20-րդ դարի 90-ական թվականների վերջին՝ Նանկին քաղաքի համալսարաններից մեկում, որի ուսանողները հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ էին և ընկերուհիներ չունեին: Այդ օրը միայնակ տղամարդիկ գնումներ են արել՝ իրենց մխիթարելու համար: Վերջին տարիներին այս ավանդույթը միտում է դարձել, և Չինաստանի առևտրի կենտրոնները և առցանց խանութները զանգվածային վաճառքներ են կազմակերպում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.