Հույս ունեմ, որ իմ այցը կնպաստի թե՛ գործարար, թե՛ հումանիտար ոլորտներում հարաբերությունների սերտացմանը. Մոլդովայի նախագահն այցելել է ԱԺ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի և Մոլդովայի միջպետական և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից: Արա Բաբլոյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերը կապերի աշխուժացման գործում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջազգային հարթակներում փոխգործակցության կարևորությունը՝ նշելով, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հավասարակշռված մոտեցումները փոխշահավետ են: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է  խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը. բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստ է ընդլայնելու կապերը նաև Եվրոպայի հետ և դառնալու կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար  և հույս ունի, որ իր այցը կնպաստի թե՛ գործարար, թե՛ հումանիտար ոլորտներում հարաբերությունների սերտացմանը: Մոլդովայի նախագահը նույնպես կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը և կարծիք հայտնել, որ բարեկամական խմբերի կազմում կարող են ընդգրկված լինել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան լիարժեք ներկայացնել խորհրդարանի բազմատարրությունը: Մոլդովայի նախագահի խնդրանքով՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթին և լիազորությունների ավելացմանը, ինչպես նաև նոր ընտրակարգին վերաբերող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ Արամ Սարգսյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.