Իրաքյան Քրդստանի խորհրդարանը Բաղդադի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

Իրաքյան Քրդստանի խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվել են կենտրոնական իշխանությունների հետ առկա խնդիրները լուծելու և Քրդստանում լարված իրավիճակը մեղմելու հեռանկարները, այս մասին գրում է քրդական Rudaw-ն: Քրդստանի խորհրդարանը նույն օրը հայտարարություն է տարածել Բաղդադի հետ խաղաղ բանակցությունների գնալու պատրաստակամության մասին՝ շեշտելով, որ առկա խնդիրներն իրենք պատրաստվում են լուծել՝ դեմ չգնալով Իրաքի սահմանադրության մեջ առկա որևէ կետի: Քուրդ պատգամավորները նշել են, որ մինչ այժմ Իրաքյան Քրդստանի իշխանությունների որևէ քայլ նույնպես հակասահմանադրական չի եղել: Քրդստանի խորհրդարանը նաև աջակցություն է պահանջել միջազգային հանրությունից՝ Բաղդադի հետ բանակցություններում շոշափելի արդյունքի հասնելու և տարածքում խաղաղություն ապահովելու համար: Նիստի ընթացքում նաև գրավոր պահանջ է ձևակերպվել Քիրքուքի գործողության ժամանակ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հատուկ հետաքննություն անցկացնելու և համապատասխան հանձնաժողով ստեղծելու համար: Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ): Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.