Սրա պատասխանը մինչև վերջ պետք է պահանջենք. Կարո Փայլանը՝ Թուրքիայի վարչապետի որդիների շուրջ օֆշորային սկանդալի մասին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է վարչապետ Բինալի Յըլդըրըմի երկու որդիների՝ օֆշորային գոտում հիմնած նավաշինական ընկերությունների մասին լուրերը: Նշենք, որ ըստ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի՝ Թուրքիայի վարչապետի որդիներ Էքրամ և Բյուլենթ Յըլդըրըմները բավականին մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում: Օֆշորային սկանդալի կենտրոնում են ոչ միայն վարչապետի որդիները, այլ նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի եղբայրը: Twitter-ի իր պաշտոնական էջում հայազգի պատգամավորը քննադատել է վարչապետին ու կոչ արել չզլանալ գործի հետաքննությունը մինչև վերջ տանելու հարցում: «Վարչապետի որդիները «հարկային դրախտում» ընկերություններ են հիմնել: Այստեղ հարկատուն աղքատներն են: Սրա պատասխանը մինչև վերջ պետք է պահանջենք», - գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ օֆշորային ընկերություններում գումարներ ներդրած թուրք պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների հարցն իրենք կտեղափոխեն երկրի խորհրդարան և կպահանջեն հատուկ հետաքննություն անցկացնել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.