
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Մերալ Դանըշ Բեշթաշը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի, 3 ամսվա ազատազրկման, այս մասին հայտնում է gazetekarinca.com կայքը:
Ազգությամբ քուրդ պատգամավորը մեղադրվում էր Թուրքիայի Հանրապետության իշխանություններին հրապարակայնորեն նսեմացնելու համար:
Նույն գործի շրջանակում Բեշթաշի հետ միասին դատարանի առաջ է կանգնել Դիարբեքիրի նախկին համաքաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, որը մեղադրվում է նաև «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչություն անելու համար, որը Թուրքիայում պաշտոնապես ճանաչված է որպես ահաբեկչական կառույց:
Իր պաշտպանական ճառի ընթացքում Քըշանաքը հայտարարել է, որ առանց դատարանի համապատասխան որոշման իրենց մեկ տարուց ավելի բանտում պահելն անօրենություն է և որ իշխանություններն, այսպիսով, չեն ճանաչում ընդդիմադիրների գոյության իրավունքը:
Քըշանաքը դատարանի դահլիճում նաև հիշեցրել է քրդաբնակ Ջիզրեի մասին, որտեղ թուրքական ԶՈւ-ի ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչներ էին մահացել, ինչին ի պատասխան դատավորն ասել է. «Խոսեք ձեր դատական գործի հետ կապված նյութերի մասին, սա հեռուստահաղորդում չէ»:
Քըշանաքի գործի վերաբերյալ դատական նիստը կրկին հետաձգվել է:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար: