Ջիգարխանյանի կինը նրա թատրոնից 80 մլն ռուբլի է օֆշորներ տեղափոխել. «Կոմսոմոլսկայա պրավդա»

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրանից 44 տարով երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներընտանեկան սկանդալը գրավել է ոչ միայն հանրության, այլև իրավապահ մարմինների ուշադրությունը: Հայտնի է, որ այժմ ֆինանսական ստուգումներ են սկսվել Ջիգարխանյաի հիմնած և նրա անունը կրող դրամատիկական թատրոնում, որը 2 տարի ղեկավարել է 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Ինչպես նշում է kp.ru-ն, 82-ամյա Ջիգարխանյանի մտերիմներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, պատմել է, որ տարիներ շարունակ Ջիգարխանյանի թատրոնը ֆինանսավորել է հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, որը գումարները փոխանցել է մոսկվայաբնակ գործարար, Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանի միջոցով: Սողոմոնյանն իր հերթին պատմել է, որ այժմ թատրոնում իրականացվում են ստուգումներ, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ով և ինչքան գումար է գողացել մշակութային հաստատությունից: Նա նաև մանրամասնել է, որ Ջիգարխանյանի սենյակում գաղտնի տեսախցիկ է տեղադրված եղել, որն ամեն ինչ ֆիքսել է: «Մեր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, Վիտալինան ու նրա շրջապատը պատասխանատվության են ենթարկվելու: Այդ պատճառով էլ նա երկրից հեռացավ»,-ասել է հայ գործարարը: Նա պատմել է, որ նախքան իրավապահների գալը Վիտալինան հասցրել է աշխատասենյակից հեռացնել ամբողջ ֆինանսական թղթաբանությունը, ինչը վկայում է, որ կինը թաքցնելու բան է ունեցել: Մինչդեռ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Վիտալինայի ղեկավարման օրոք թատրոնից օֆշորներ է հանվել մոտ 80 մլն ռուբլի: «Պետբյուջեից Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնին հատկացված գումարները տեղափոխվում էին բանկ, իսկ այնտեղից դրանց մի մասը փոխանցվում էր օֆշորային ընկերություններին»,-ասել է զրուցակիցը: Kp.ru-ին հաջողվել է պարզել, որ 2017թ. 3-րդ եռամսյակում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մոտ 2 մլն ռուբլի է վաստակել, մինչդեռ թոք շոուներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ ամսական ընդամենը 40.000 ռուբլի աշխատանավարձ է ստանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար: Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ: Այժմ Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.