
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ եթե քրդական «փեշմերգա» ուժերը նախահարձակ լինեն, ապա ոչ միայն կպարտվեն, այլև որևէ ապահով թաքստոց չեն կարողանա գտնել Իրաքի տարածքում, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Աբադին շեշտել է, որ որոշ ժամանակ առաջ վիճելի տարածքներում իրենց իշխանությունը հաստատած քրդական ուժերն այստեղ իրենց դիրքերն էին ամրապնդել երբեմն ուժի կիրառմամբ, երբեմն էլ օգտվելով երկրի անկայուն վիճակից ու տվյալ տարածքներում որևէ ուժի գերակայության բացակայությունից:
«Իրաքյան Քրդստանի իշխանությունները պետք է կարողանային ղեկավարել «փեշմերգա»-ին, բայց չեն կարողանում», - հավելել է Իրաքի վարչապետը՝ նշելով, որ այժմ վիճելի տարածքների մեծ մասն իրենց ձեռքում է:
Օրեր առաջ Իրաքի խորհրդարանը նոր որոշում է ընդունել Քիրքուքի և այլ վիճելի տարածքների հետ կապված: Ըստ ընդունած որոշման՝ Իրաքի բանակից բացի որևէ այլ ռազմական ուժ իրավունք չունի մուտք գործել կամ դիրքեր հաստատել տվյալ շրջաններում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն:
Քրդստանի դեմոկրատական կուսակցության ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը հայտարարել է, որ իրաքյան բանակի և շիական «Հաշդի Շաբի» խմբավորման հետ բախումներում քրդական ուժերը կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 30 տոկոսը: Բաբաքրը շեշտել է, որ կորցրած տարածքները հիմնականում այնպիսի շրջաններ էին, որոնք քրդական ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: