Դասադուլները մեր քաղաքացիների եւ ուսանողների իրավունքն են. Շարմազանով

Դասադուլները մեր քաղաքացիների եւ ուսանողների իրավունքն են։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ուսանողական բողոքի ալիքին։ Շարմազանովը հիշեցրեց, որ ինքը ոչ միայն դասադուլներ է կազմակերպել, այլեւ հացադուլ հայտարարել 1995թ. նախագահական նստավայրի առջեւ։ «Բայց այն ժամանակ իրականությունն այլ է։ Իշխանությունը մեզ լսելու որեւէ ցանկություն չուներ։ 48 ժամվա ընթացքում որեւէ իշխանության ներկայացուցիչ չեկավ եւ չհարցրեց, թե ինչ ենք ուզում»։ Այսօր, ըստ Շարմազանովի, Վիգեն Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել ուսանողների հետ։ «Բայց ափսոսանքով ասեմ, որ չհամաձայնվեցին ուսանողները։ Միգուցե, նրանց հետաքրքրում էր ոչ թե արդյունքը, այլ գործընթացը»,- նշել է նա։ Ըստ հանրապետականի, դասադուլն իրենց քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել։ «Այս օրենքն անհրաժեշտ է, բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից։ Չի կարելի պրիմիտիվացնել եւ ասել, թե միայն տարկետման հարցն է։ Այնտեղ շատ ավելի լուրջ հարցեր կան։ Մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագիծը»,- ասել է Շարմազանովը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.