Արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ. ԱԻՆ

Նոյեմբերի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» PPRD East 2 ծրագրի ղեկավար  Սերգեյ Անագնոստիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հաղորդագրությունում ասվում է. «Հանդիպման ընթացքում քննարկվեց PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում՝ դիտարկելով այն որպես ԵՄ առաջնորդող նախաձեռնություն: Ծրագրի շրջանակում իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում ինստիտուցիոնալ և օրենսդրական բազաների բարելավում, Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի փորձի փոխանակում և կիրառում՝ բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով: Կողմերը  քննարկեցին նաև հեղեղումների ռիսկի կառավարման, աղետների ռիսկի գնահատման, ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացման, ռիսկային գոտիների քարտեզագրման, աղետների մասին իրազեկվածության բարձրացման, տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային ատլասի համալրման, բնակչության պաշտպանության կամավորական շարժմանը վերաբերող բնագավառներում արված համատեղ աշխատանքի արդյունքները: Իր խոսքում ԱԻ նախարարն անդրադարձավ PPRD EAST-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանում ԵՄ փորձի կիրառմանը՝ շեշտելով փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss), ԵՄ փորձի կիրառմամբ, որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում էլ ապահովել համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.