Ֆրանսիայում անչափահաս թմրավաճառը շփոթել է ոստիկաններին գնորդների հետ ու ձերբակալվել

Ֆրանսիայի Լոթարինգիա մարզի Վանդյովր Լե Նանսի քաղաքում թմրանյութեր վաճառող 17-ամյա երիտասարդն իր գնորդների տեղ է դրել 4 ոստիկանի, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս մասին հայտնում է L'Est Republican-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները կանգ են առել կայանատեղում և դուրս եկել ավտոմեքենայից՝ հանգստանալու համար: Հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները քաղաքացիական հագուստով են եղել, և թմրավաճառը, նկատելով նրանց, շփոթել է իր գնորդների հետ: Նշվում է, որ երիտասարդը մոտեցել է ոստիկաններին՝ մտադիր լինելով գործարք կնքել նրանց հետ: Ընդհուպ մոտենալով ոստիկաններին՝ երիտասարդը հասկացել է իր սխալը. նա սկսել է փնթփնթալ և փորձել է հեռանալ: Ոստիկանները կասկածելի են համարել երիտասարդի պահվածքը. նրանք հասել են դեռահասի հետևից և խուզարկել նրան: Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է փաթեթավորված կոկաինի և հերոինի 70 չափաբաժին: Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, և դատարանը որոշել է կալանավորել նրան: Ոստիկանների խոսքով՝ սա իրենց կյանքի ամենահեշտ ձերբակալությունն էր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.