
Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քրդերը պետք է վերանայեն իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը կարող է ավելի լավ բարեկամ լինել քուրդ ժողովրդի համար, գրում է diken.com.tr կայքը:
«Գուցե ռուսները կարող են շատ ավելի լավ բարեկամ լինել», - ասել է Բարզանին՝ շեշտելով, որ Քրդստանի անկախության հանրաքվեի ժամանակ Ռուսաստանը կտրուկ դեմ չի արտահայտվել իրենց այս ընտրությանը:
Քրդստանի նախկին առաջնորդը պատմել է, որ իրաքցի քրդերի հույսը, հավատն ու սերն ԱՄՆ-ի հանդեպ շատ է նվազել և շարունակում է օր օրի նվազել:
«Հպարտ եմ, որ Քրդստանի ժողովրդին հանրաքվեի գնալու առիթ ընձեռեցինք, ես դրա համար չեմ զղջում», - հայտարարել է Բարզանին:
Նշենք, որ ավելի վաղ Բարզանին ասել էր, որ շիական «Հաշդի Շաբի» խմբավորումն ու իրաքյան բանակը քրդերի վրա հարձակվեցին հենց ամերիկյան զենքով:
«Նրանց աչքի առաջ և նրանց իսկ զենքով Իրաքի բանակն ու «Հաշդի Շաբի»-ն հարձակվեցին մեզ վրա, սակայն ԱՄՆ-ն ինչո՞ւ ձայն չհանեց: Այս հարցերը պետք է բարձրացվեն, քանի որ նրանց զենքով է մեր «փեշմերգան» նահատակվել», - հայտարարել էր նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Օրեր անց Բարզանին հրաժարվեց Իրաքյան Քրդստանի ղեկավարի պաշտոնում մնալուց: