Շրջանառության է ներկայացվել հեռուստառադիոխաղերի ոլորտը կարգավորող օրենսդրական նախագիծ. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետևանքով վնաս կրելուն։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման` նախագծով առաջարկվող իրավական կարգավորումը բացակայում է, մինչդեռ այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։ Հետևաբար, Պաշտպանի աշխատակազմն առաջարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը փոփոխել այնպես, որ նման խաղերը հեռարձակել հնարավոր լինի միայն գիշերային ժամերին՝ 24։00-ից մինչև 06։00-ը: Դրանից բացի՝ առաջարկվում է սահմանել, որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակողը պարտավոր է հրապարակել առկա զանգերի ծավալի և միացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ողջ եթերի ընթացքում տեղյակ պահել զանգի վճարովի լինելու մասին և, դրա հետ մեկտեղ, սակագնի վերաբերյալ հավաստի ինֆորմացիան պետք է լինի տեսանելի կամ լսելի: Նախագիծը նախատեսում է սահմանել նաև նախազգուշացում անչափահասների մասնակցության արգելքի վերաբերյալ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.