
Ամերիկյան Apple ընկերության անունը հայտնվել է Paradise Papers անվանումով օֆշորային հաշիվների մասշտաբային լրագրողական հետաքննությունում, հայտնում է
BBC-ն:
Փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է Apple-ը խուսափել 2013 թվականին իր իռլանդական հարկային պարտավորությունների շուրջ առաջացած սկանդալից հետո ստեղծված իրավիճակից՝ ակտիվորեն փնտրելով հարկային նոր ապաստան:
Օֆշորային իրավաբանական ծառայություններով զբաղվող Appleby ընկերությունը, որտեղից էլ տեղի է ունեցել նոր արտահոսքի մեծ մասը, օգնել է Apple-ին տասնյակ միլիարդավոր դոլարները տեղափոխել Իռլանդիայից Նորմանդյան կղզիներ: Apple-ն իր միջոցները տեղափոխել է Ջերսի կղզի, որը չի գանձում հարկ կորպորատիվ շահույթի համար և ազատ է ԵՄ հարկային կարգավորումներից: Փաստաթղթերի համաձայն՝ Apple-ի իրավական խորհրդատուներն Appleby-ին դիմել են 2014 թվականին՝ հարցնելով, թե ինչ առավելություններ կարող են առաջարկել տարբեր օֆշորներ, և շեշտել, որ այդ քայլը պահանջում է գաղտնիություն:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Apple-ի երկու առանցքային իռլանդական դուստր ընկերությունները կառավարվել են Ջերսիում գտնվող Appleby-ի գրասենյակից 2015 թվականի սկզբից մինչև 2016 թվականի սկիզբը, ինչը հավանաբար թույլ է տվել ընկերությանը շարունակել խուսափել միլիարդավոր դոլարների հարկերից ամբողջ աշխարհում:
Մինչև 2014 թվականն Apple-ն օգտագործել է ԱՄՆ-ի և Իռլանդիայի հարկային օրենսդրությունում որպես double irish հայտնի սողանցքը: Այն թույլ է տվել Apple-ին մշտապես վաճառքներ իրականացնել Հյուսիսային և Հարավային Ամերիկայից դուրս, ինչն այժմ կազմում է ընկերության եկամուտների մոտ 55 տոկոսը, իռլանդական դուստր ընկերությունների միջոցով, ինչի շնորհիվ գրեթե չի վճարել հարկեր:
Նշվում է, որ Apple-ը կարող էր վճարել 12,5 տոկոսի չափով իռլանդական կորպորատիվ հարկը կամ ԱՄՆ-ում 35 տոկոսի չափով հարկը, բայց մշակված սխեման օգնել է նրան նվազեցնել ԱՄՆ-ի սահմաններից դուրս գործարքների շահութահարկն այնչափ, որ նրա օտարերկրյա հարկային վճարումները հազվադեպ էին կազմում իր օտարերկրյա եկամուտների 5 տոկոսից ավելին, իսկ այնուհետև ընդհանրապես նվազել են՝ հասցվելով 2 տոկոսից պակասի:
Paradise Papers անունը ստացած արտահոսքը ներառում է մոտ 13,4 միլիոն փաստաթուղթ, այդ թվում, ենթադրաբար, բերմուդյան իրավաբանական Appleby ընկերությունից: Ըստ դրա՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը
10 միլիոն ֆունտ սթերլինգ (13 միլիոն դոլար) է ներդրել օֆշորներում:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։ Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։