ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ԱԶԲ փոխնախագահն ասել է, որ բանկը պատրաստ է աջակցել տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: ԱԶԲ փոխնախագահը հանդիպման սկզբում ջերմությամբ է հիշել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքի ներդրումային համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումը և իր հերթին գոհունակությամբ փաստել, որ բանկի հետ Հայաստանի համագործակցությունը նկատելի առաջընթաց է արձանագրել: Վենկայ Ժանգը նշել է Հայաստանի տնտեսության համար կարևոր մի շարք ոլորտներում իրականացված շուրջ երեք տասնյակ խոշոր ծրագրերը, որոնք միտված են եղել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, բարեփոխումներին, հանրային կառավարման որակի բարձրացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության խթանմանը, իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման գործում: ԱԶԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ բանկն այժմ աշխատում է «2019-2023թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ, որը կներառի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այդ համատեքստում Վենկայ Ժանգը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության այն առաջնահերթություններով, որոնք կարող են դրվել նոր ռազմավարության հիմքում և դառնալ առաջիկա տարիների համագործակցության ծրագրեր: ԱԶԲ փոխնախագահն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման գործում, այլ նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում: Նախագահը խնդրել է նոր ռազմավարության մշակման ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, քանի որ իր համոզմամբ, դրանք զգալիորեն կնպաստեն տնտեսության մրցունակության բարձրացմանը: Հանրապետության Նախագահի կարծիքով՝ առանց զարգացած ենթակառուցվածքների, անհնար է ունենալ մրցունակ տնտեսություն: Սերժ Սարգսյանը Հայաստանի համար հաջորդ առաջնահերթությունը համարել է բարեփոխումների հետևողական շարունակումը կարևորագույն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական, ֆինանսական, գործարար միջավայրի բարելավման, քաղաքային տրանսպորտի ոլորտում բարեփոխումների, տնտեսության թվայնացման և այլն: ԱԶԲ փոխնախագահ Վենկայ Ժանգը վստահեցրել է, որ բանկը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից առանցքային կարևորություն ունեցող ծրագրերին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.