
Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Կնեսեթի փոխխոսնակը վերհիշել է Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները:
Նախարար Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ է կատարվել հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։
Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։