Լիբանանի կառավարությունը պատերազմ է հայտարարում մեզ. Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի պարսկաարաբական ծոցի հարցերով պետական նախարար Սամեր Ալ Սաբհանը հայտարարել է, որ պաշտոնական Էր Ռիադը Լիբանանը դիտարկելու է որպես իրեն պատերազմ հայտարարած պետություն, տեղեկացնում է Al Arabiya-ն: «Մենք Լիբանանին վերաբերվելու ենք որպես պատերազմ հայտարարող երկրի՝ «Հեզբոլլահ» շարժման  գրոհայինների պատճառով»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ Լիբանանի կառավարությունը պետք է իմանա Սաուդյան Արաբիայի համար «Հեզբոլլահ»-ի գրոհայինների ներկայացրած վտանգի մասին: Ալ Սաբհանի պնդմամբ՝ գրոհայիններն առնչություն ունեն Սաուդյան Արաբիային սպառնացող բոլոր ահաբեկչություններին: Նա շարժմանը մեղադրել է Սաուդյան Արաբիա թմրանյութեր ներկրելու, ինչպես նաև տեղի երիտասարդությանն ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու փորձերի համար: Նախարարն ընդգծել է, որ Էր Ռիադն ակնկալում է՝ Լիբանանի կառավարությունը կարող է զսպել «Հեզբոլլահ»-ի ագրեսիան: Ալ Սաբհանը շարունակել է՝ նշելով, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի այդպիսով շեղի լիբանանցիների ուշադրությունը: Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվելու ժամանակ հայտարարել է հրաժարականի մասին: Իր հեռուստատեսային ելույթում վարչապետն ասել է, որ «Հեզբոլլահն» ու Իրանն ապակայունացնում են իրավիճակը Լիբանանում: Բացի այդ, Հարիրին ասել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ կսպասի Հարիրիի հայրենիք վերադառնալուն ու բացատրություն կպահանջի հրաժարականի համար: Մինչդեռ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլան ասել է, որ վարչապետի հրաժարականի պատճառները պետք է փնտրել հենց Սաուդյան Արաբիայում: Նասրուլայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան ստիպել է վարչապետին հրաժարական տալ, ու չի բացառվում, որ նրան բռնի ուժով է պահում երկրում: Մինչդեռ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հարիրիի մեղադրանքներն անհիմն է որակել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.