Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել Հյուսիսային Կորեայի հետ առևտուրն ու բիզնեսը

Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին իրագործել Հյուսիսային Կորեային վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը և դադարեցնել այդ երկրի հետ առևտուրն ու բիզնեսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բոլոր երկրները պետք է իրականացնեն ՄԱԿ-ի ԱԽ-ի փաստաթղթերը և Հյուսիսային Կորեայի հետ ամբողջությամբ դադարեցնեն առևտուրն ու բիզնեսը: Անընդունելի է, որ երկրներն օգնեն զինել և ֆինանսավորել ռեժիմի, որն ավելի ու ավելի է վտանգ ներկայացնում»,- ասել է Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Թրամփն ընդգծել է, որ երկրներն աշխատում են հյուսիսկորեական խնդրի լուծման ուղղությամբ՝ «օգտագործելով առկա բոլոր գործիքները, բացառությամբ՝ ռազմական գործողությունների»: «ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, պատրաստ է պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին իր հավասարը չունեցող ռազմական պոտենցիալի ողջ համալիրի օգնությամբ, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ ասիական շրջագայության շրջանակում Ճապոնիայից մեկնել է Հարավային Կորեա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.