
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության կալանավորված աշխատակցին ԱՄՆ-ն իրենցից պահանջել չի կարող, քանի որ տվյալ անձի հետ կապված իրավական գործընթաց է տեղի ունենում, և Թուրքիան որպես իրավական պետություն նման քայլի չի գնա առանց դատարանի որոշման, գրում է թուրքական IHA գործակալությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել էին այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
Թուրքիայի վարչապետը հիշեցրել է ԱՄՆ-ին թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին, որը մեղադրվում է անցյալ տարվա ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար և որի արտահանձնումը մի քանի անգամ պահանջած Թուրքիան այդպես էլ հստակ պատասխան չի ստացել ԱՄՆ-ից:
«Մենք բազմաթիվ լուրջ ապացույցներ ունենք, որ հեղաշրջման փորձի հետևում հենց նա է կանգնած: Բացի այդ՝ ԱՄՆ-ում կալանավորված մեր որոշ քաղաքացիների գործերի հետ կապված էլ ցանկանում ենք հայտնել մեր մտահոգությունը: Սպասում ենք, որ ամերիկյան արդարադատությունը կանի անհրաժեշտ քայլերը», - ասել է Յըլդըրըմը: