Բաղդադում հայ–իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

Նոյեմբերի 6–ին Բաղդադի ալ–Մանսուր թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը` նվիրված ՀՀ անկախության 26–ամյակին և հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Համերգին ներկա են եղել Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ և իրաքահայ համայնքի անդամներ։ Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ներկայացնելով հայ-իրաքյան 25–ամյա դիվանագիտական հարաբերությունները, շեշտել է, որ այն ընդգրկում է քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ու սոցիալական համագարծակցության բոլոր ոլորտները։ Դեսպանը հավելել է, որ միայն ընթացիկ տարում լուրջ առաջընթաց է ապահովվել կապի և տեղեկատվության, զբոսաշրջության, առևտրի, կրության ու գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր մակարդակի է բարձրացել միջխորհրդարանական համագործակցությունը։ Իրաքի կառավարության և արտաքին գործերի նախարարի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարի ներկայացուցիչ Հուսեյն ալ–Խատիբը, ով բարձր է գնահատել առկա հարաբերությունների մակարդակը և քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ահաբեկչության դեմ պայքարում Իրաքին մշտապես աջակցելու համար։ Նա նաև ընդգծել է Իրաքում հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի մանրանվագները, Վարդ Մանուկյանի «Նվիրումը Սայաթ Նովային» և Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ» ստեղծագործությունները։ Միջոցառումն ավարտվել է Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործությամբ։ Երեկոյի ընթացքում հնչել են նաև իրաքյան դասական երաժշտության մի քանի ստեղծագործություններ՝ «Բաղդադ հնգյակի» կողմից։ Նշվում է, որ համերգն իր տեսակի մեջ եզակի է եղել Բաղդադի մշակութային կյանքում, քանի որ վերջին 14 տարիների ընթացքում նման միջոցառումներ և այլ երկրներից ժամանած արտիստների համերգներ տեղի չեն ունեցել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.