
Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն դիմել է երիտասարդությանը՝ խնդրելով մասնակցել ստորգետնյա անցումների նկարազարդմանը, հայտնում է
Грузия Online-ը:
Ինչպես Կալաձեն նշել է լրագրողներին, նկարազարդումները կգեղեցկացնեն ստորգետնյա անցումները:
«Ցանկանում եմ դիմել երիտասարդությանը: Ցանկանում եմ օգտագործել նրանց տաղանդը: Մենք շատ տաղանդավոր մարդիկ ունենք, և հավանաբար մենք կմշակենք ստորգետնյա անցումների նկարազարդման կոնկրետ ծրագիր: Առաջիկա օրերին, երբ ունենանք ստորգետնյա անցումների ողջ պատկերը, մենք երիտասարդներին կառաջարկենք կոնկրետ այն վայրերը, որտեղ պետք է նկարել պատերին: Մենք բոլորս պետք է մասնակցենք մեր քաղաքի մաքրման, խնամքի և բարեկարգման աշխատանքներին»,- հայտարարել է Կալաձեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, կիևյան «Դինամո» և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբների նախկին խաղացող Կախա Կալաձեն ձայների 51,06 տոկոսով ընտրվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում: Կալաձեն ներկայացնում է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: