Էրդողանի փեսայի ընտանիքը նույնպես հայտնվել է նոր օֆշորային սկանդալի կենտրոնում

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: Ինչպես ներկայացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Սերհաթ Ալբայրաքի անունը հայտնաբերվել է Մալթայում գրանցված Frocks International Trading Ltd ընկերության ղեկավար կազմի շարքերում: Բացի այդ՝ Ալբայրաքի հետ միասին ընկերությունում գրանցված են թուրքական Çalık Holding ընկերության մի շարք պաշտոնյաներ: Ստամբուլում հիմնված և գրանցված Çalık Holding-ը մինչև 2007 թվական ղեկավարել է Սերհաթ Ալբայրաքը, իսկ դրանից հետո՝ Էրդողանի փեսա Բերաաթ Ալբայրաքը: Նախօրեին նաև պարզ էր դարձել, որ նոր օֆշորային սկանդալի կենտրոնում են հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի երկու որդիներ Էքրամ և Բյուլենթ Յըլդըրըմները, որոնք բավականին մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող օֆշորային ընկերություններում: Նշենք, որ ըստ բացահայտված նոր տվյալների՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը 10 միլիոն ֆունտ սթերլինգ (13 միլիոն դոլար) է ներդրել օֆշորներում: Դեռևս ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։ Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.