
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում պատարագի ժամանակ կրակահերթ բացած ու 26 մարդու կյանք խլած Դևին Քելին ընտանեկան կոնֆլիկտի մեջ է եղել, հայտնում է
The Guardian-ը:
Տեխասի հանրային անվտանգության վարչության խոսնակ Ֆրիմեն Մարտինը հայտարարել է, որ 26-ամյա հրաձիգը սպառնալիքներով հաղորդագրություններ է ուղարկել զոքանչին: Բացի այդ, 26-ամյա երիտասարդը ոճրագործությունն իրագործել է այն եկեղեցում, ուր այցելում էր զոքանչը: Այնուհանդերձ՝ նոյեմբերի 5-ին կինն այնտեղ չի եղել:
«Նա բարկություն էր զգում զոքանչի նկատմամբ, բայց դա ռասիստական դրդապատճառներ չուներ և պայմանավորված չէր կրոնական համոզմունքներով»,-մանրամասնել է Մարտինը:
Նա նշել է, որ դեպքի վայրից մեքենայով փախուստի դիմած Քելիին սպանել է ինքնաձիգով զինված մի քաղաքացի, որն իր մեքենայով հետապնդել է հանցագործին: Դիահերձումից հետո Քելիի մարմնում 3 փամփուշտ է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քելին 2010-2014թթ. ծառայել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում, սակայն կնոջ ու երեխայի վրա իրագործած հարձակման հետևանքով կանգնել էր ռազմական դատարանի առաջ, այնուհետև հեռացվել ծառայությունից:
Նախկին համադասարանցիները հանցագործին բնութագրել էին որպես «ոչ յուրային», վախի տհաճ զգացողություն առաջացնող մարդ, որը զբաղված էր աթեիզմի քարոզով ու հիմար էր համարում բոլոր հավատացյալներին:
Հայտնի է նաև, որ հարձակումից մի քանի օր առաջ նա ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ինքնաձիգի լուսանկար: