Ադրբեջանական ԶԼՄ-ները հաշվում են ՌԴ առաջին դեմքերի արյան մեջ «հայկականի» տոկոսը. Լապշինը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Ադրբեջանից վերջերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ մոտ մեկ-մեկուկես ամսից Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք կուղարկի: Այդ մասին նա գրել է իր puerrtto.livejournal.com բլոգում: Լապշինը նշել է, որ չնայած չի ցանկանում կրկին անդրադառնալ Ադրբեջանի իշխանություններին, բայց Բաքվից իր ընկերները հոդված են ուղարկել իրեն, որը հնարավոր չէ անուշադրության մատնել: Բլոգերի խոսքով՝ վրդովվելով նրանից, որ Ռուսաստանը պաշտպանել է բլոգերի իրավունքները Բաքվի բանտում գտնվելու ժամանակ, Ադրբեջանի իշխանություններն ադրբեջանալեզու ԶԼՄ-ների միջոցով սկսել են վարկաբեկել Ռուսաստանի ղեկավարությանը: Նրանք նախ վիրավորում էին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովային, այնուհետև անցան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ վերջինիս անվանելով «Ռուսաստանի հայ արտգործնախարար»: Այդ մասին մասնավորապես գրել է Turan News-ը: «Հոդվածում հատուկ ընդգծվում է ՌԴ արտգործնախարարի ազգությունը, քանի որ Ադրբեջանում հայերի նկատմամբ վերաբերմունքը վաղուց է հայտնի: Այնպիսի տպավորություն է, թե ցանկացած մեկը, ով թեկուզ ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն հանցագործ է: Եվ դա քաղաքացիների գլուխն են լցնում տեղական ԶԼՄ-ները՝ այդկերպ փոխանցելով թշնամու կերպարը: Շատ է հիշեցնում հրեաների և սլավոնների նկատմամբ Հիտլերի ռասայական տեսությունը, չէ՞: Նացիստները նույնպես սիրում էին հաշվել արիացիների մոտ «փչացած արյան» տոկոսը, իսկ պետության բոլոր խնդիրների համար՝ մեղադրել հրեաներին»,- գրել է Լապշինը: Բլոգերը նշել է, որ Զախարովան, ի դեպ, վերջերս մեկնաբանել է իր հասցեին հնչած ադրբեջանցի լրագրողների «կեղտոտ» խոսքերը: Լապշինը հավելել է, որ «ադրբեջանցի Էրքյուլ Պուարոն»՝ իր գործը վարող քննչական խմբի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Վուգար Նասիբովը պնդում էր, որ Լապշինը հայ է: Բլոգերի խոսքով՝ իրեն սկզբից թվում էր, թե դա կատակ է, հետո, սակայն, երբ ադրբեջանցի քննիչները սկսեցին պնդել այն վարկածը, թե նա, հնարավոր է, մի անգամ իր կողմից հիշատակված իր մոր երիտասարդ տարիների հայ ընկերոջ գաղտնի արտամուսնական որդին է և արդյոք նրանք չեն հանդիպել Հայաստան 2011 և 2012 թվականներին այցելությունների ընթացքում, նա հասկացավ, որ նրանք խելագար են և բոլորովին լուրջ են այդ մասին խոսում: Լապշինը հավելել է, որ որքան հիանալի են իր ադրբեջանցի ընկերները, նույնքան տհաճ է այդ պետությունը, և նշել է, որ նորից կանդրադառնա Ադրբեջանին մոտ մեկ-մեկուկես ամսից, երբ իր բողոքը կուղարկվի ՄԻԵԴ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»: Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.