
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել Տեխասում տեղի ունեցած հարձակման զոհերի ընտանիքներին և կրկին կոչ արել սահմանափակել զենքի կրումը:
«Մենք սգում ենք Սազերլենդ Սփրինգսում բռնության ակտի հետևանքով հարազատներին կորցրած բոլոր ընտանիքների հետ և կլինենք ողջ մնացածների կողքին, քանի դեռ նրանք չեն ապաքինվել», - գրել է նա
Twitter-ի իր էջում՝ հավելելով, որ իրենք պետք է իմաստնություն դրսևորեն մտորելու, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել երկրում բռնության դեպքերն ու քաղաքացիների ձեռքում գտնվող զենքի քանակը նվազեցնելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Դևին Քելի անունով տղամարդը մտել է ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցի ու կրակ բացել՝ խլելով 26 մարդու կյանք, վնասվածքներ հասցնելով 20-ից ավելի մարդու:
Ոճրագործությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը
կարգադրել է իջեցնել երկրի դրոշները՝ ի հիշատակ եկեղեցում սպանվածների:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հետապնդել է դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդուն ու նրան սպանել: