Սրտի ստենտավորման 750 հազար գինը չի տարածվելու պետպատվերից դուրս բուժվողների վրա. նախարար

Տրամաբանական է, որ պետությունը սրտի ստենտավորման համար կարող է հատկացնել 700-750 հազար դրամ, իսկ անհատ անձը հիվանդանոցում դրա համար պետք է վճարի անհամեմատ թանկ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախարարին. «Եթե պետպատվերի շրջանակում պետությունը յուրաքանչյուր ստենտավորման համար նախատեսում է բուժհաստատությանը վճարել 750 հազար դրամ, արդյոք այդ գինը տարածվում է նաեւ սովորոկան հիվանդի վրա, որը գնում է հիվանդանոց եւ պարզվում է, որ իր համար պետությունը չի վճարելու եւ իր գրպանից պետք է վճարի ստենտավորման համար: Այսինքն պետպատվերով բուժվողի եւ առանց պետպատվերի բուժվողի համար նույն գի՞նն է գործելու: Եթե պետությունը ամեն մարդու ստենտավորման համար վճարում է 750 հազար դրամ, սովորական քաղաքացին, ով պետպատվերից դուրս է, կարո՞ղ է նույնքան վճարել, որովհետեւ այսօր այդ գները սկսում են 1,2 մլն դրամից»: Ի պատասխան նախարար Ալթունյանն ասաց. «Միգուցե պոպուլյար բան չեմ ասի, բայց այդ տարբերությունը տրամաբանական է, որովհետեւ ակնհայտ է, որ առողջությունը պրոդուկտ է, որը պետք է ձեռք բերել՝ մի կողմից պահպանել առողջությունը առողջ ապրելակերպով եւ չծխելով: Մյուս կողմից, երբ մենք ամբողջ կյանքում ամեն ինչ անում ենք, որ կորցնենք մեր առողջությունը, դա դառնում է պրոդուկտ եւ ապրանք, որը պետք է ձեռք բերել: Վաճառող եւ ձեռք բերող հարաբերություններում միշտ կան գնորդներ: Պետությունը մեծածախ գնորդ է, որը հնարավորություն ունի ազդելու տնտեսական հարաբերությունների տարբեր մասնակիցների վրա: Հաճախորդը՝ ֆիզիկական անձը, մանրածախ ձեռք բերող է, որը ձեռք է բերում ապրանքը երբեմն 2 -3 անգամ թանկ գնով»: Նրա խոսքով, այդ 750 դրամ գինը իմպերատիվ չի լինելու հիվանդանոցների համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.