Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանին «համարժեք պատասխան տալու» իր իրավունքի մասին

Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակումն Իրանի կողմից ագրեսիա է համարում: Այդ առնչությամբ Սաուդյան Արաբիան հայտարարել է ինքնապաշտպանության և Իրանին պատասխան տալու իր իրավունքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կոալիցիայի հրամանատարությունը կարծում է, որ դա իրանական ռեժիմի կողմից ռազմական ագրեսիայի վրդովեցուցիչ գործողություն է և կարող է ապագայում դիտարկվել որպես Սաուդյան Արաբիայի թագավորության դեմ պատերազմական գործողություն: Այդկերպ, դա հաստատում է թագավորության օրինական իրավունքը՝ պաշտպանել իր տարածքն ու իր ժողովրդին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- ասված է զինվորականների հայտարարությունում: «Կոալիցիայի հրամանատարությունը նաև հաստատում է, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իրանին համապատասխան ժամանակ համապատասխան կերպով՝ միջազգային իրավունքի համաձայն և հիմնվելով ինքնապաշտպանության իրավունքի՝ այդ թվում տարածքի, ժողովրդի և կենսական շահերի պաշտպանության վրա, ինչն ամրագրված է միջազգային համաձայնագրերում և հռչակագրերում՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասված է փաստաթղթում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Սաուդյան Արաբիան մայրաքաղաք Էր Ռիադի հյուսիս-արևելքում որսացել ու ոչնչացրել է Եմենի կողմից արձակված բալիստիկ հրթիռը: Հայտնի է, որ հրթիռը ոչնչացվել է Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ չխանգարելով դրա բնականոն աշխատանքին: Մինչդեռ բալիստիկ հրթիռի արձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հուսիթ զինյալները՝ ընդգծելով, որ իրենք թիրախավորել էին միջազգային օդանավակայանը: Նշենք, որ Եմենում արդեն տևական ժամանակ շարունակվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների աջակցությունը վայելող օրինական կառավարության ու Իրանի աջակցությունը վայելող հուսիթ զինյալների միջև հակամարտությունը, որի հետևանքով 2015թ. ի վեր զոհվել է 8.600 մարդ:
Մեկնաբանություններ