ՀՔԾ-ն քննում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ քրգործերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: Այսպես, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ուսումնասիրել է նշված գործի նյութերում առկա` համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին ստորագրված արձանագրությունները և պարզել, որ նախորդ նիստի ժամանակ ստորագրություններն առկա չեն եղել, մինչդեռ վերջին դատական նիստի ժամանակ դրանք առկա են եղել արձանագրություններում: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ քրեական գործ է հարուցվել Ա. Պողոսյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 10.11.2016թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ թմրամիջոց չի հայտնաբերվել: Այն հայտնաբերվել է իր բնակության հասցեում գտնվող ավտոտնակից, սակայն ոստիկաններն արձանագրություն են կազմել այն մասին, որ թմրանյութը հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ: Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.