Կուտակային կենսաթոշակի բեռը կավելանա՝ դառնալով 57 մլրդ դրամ, բայց այսօր նաև շուրջ 90 մլրդ-ով ՀՀ-ում կապիտալի շուկա է ձևավորել. սոցապնախարար

ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակների հիմնադրամից, որն ըստ նրա՝ դեռևս պետության համար բեռ է:
«Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող գումարների. այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը 42 մլրդ-ից վեր է ածվելու գրեթե կրկնակիի՝ 57 մլրդ-ի։ Դա այն բեռն է, որը պարբերաբար պետք է կրի նախարարությունը, և այն աճելու տենդենց ունի։ Համենայնդեպս չի նվազելու առաջիկա 20 տարում, որովհետև աշխատավարձն է աճելու։ Նոր էլ իմացանք, որ գործազրկությունը նվազման միտում ունի, և նոր աշխատողներ են մուտք գործելու աշխատաշուկա»,-նկատեց պատգամավորը: Ըստ Թանդիլյանի՝ տարեկան այդ 57 մլրդ-ը կազմում է միայն այս տարվա դեֆիցիտի մեկ- երրորդ մասը: «Այսինքն՝ պարբերաբար այս բեռը պետք է կրենք, և սրա հաշվին այլ ծախսեր կրճատվում են: Ուզում եմ հարցնել, թե 5 տարում այս տենդենցն աճելով՝ որտեղի՞ց եք այս գումարները գտնելու, երբ ծախսը չի պահպանվում»,-հարցրեց նա: Նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, թե կուտակային համակարգի ներդրման հաշվարկները իրականցվել են՝ հաշվի առնելով օրենքի դրույթները, որ 2018թ-ի հունիսից շուրջ 50 000-ով պետք է ավելանա կուտակայինին միացած մասնակիցների թիվը: «Ուստի բնականաբար համապատասխան գումարներն ավելացած են: Պետք է ուղղակի հաշվի առնել, որ դրա համար գումարները ոչ միայն բյուջեով հատկացումներն են, այլ կատարվող վճարումները»,-ասաց նախարարը: Սոցապ նախարարը նաև խոսեց կուտակայինի արդյունավետությունից: «Ժամանակին բոլոր հաշվարկներով կանխատեսվել են, թե որոշակի կարճ ժամանակում ՀՆԱ-ի մեջ ինքը աճելու է, հետագայում սկսելու նվազել. բեռը՝ որպես այդպիսին պետք է  տարաբաշխել սերունդների միջև՝ այսօրվա կատարած վճարումների հաշվին, լրացուցիչ ներդրումների հաշվին՝ ապահովելով վաղվա կենսաթոշակառուին ավելի բարձր կամ ընդունելի կենսաթոշակ»,-ասաց նա: Նախարարը նաև ներկայացրեց հիմնադրամի գումարի չափը: «Եթե նայեք երեք տարիների արդյունքներին, պետք է նշել, որ այդ ֆոնդերն ու միջոցները շուրջ 33,2% եկամտաբերություն են ունեցել՝ երեք ամիս առաջվա տվյալներով: Դրանց մոտ 70-ից ավելին ՀՀ-ում է ներդրվել, մոտ 30%-ն է այլ արժեթղթերի մեջ դրվել։ Դրանով նաև, համոզված եմ, ունեցել ենք գնանկումներ, դրանք են բերել տոկոսադրույքների իջեցմանը, բերել նաև որոշակիորեն ֆինանսական միջոցների ավելացմանը, իհարկե ոչ այն տեմպերով, ինչ կցանկանայինք, բայց շուրջ 90 մլրդ դրամով այսօր կապիտալի շուկա է ձևավորվել ՀՀ-ում այդ միջոցներով, որոնք երկարաժամկետ են և որոնք սկսել են որոշակի ուղղություններով առարկայական արդեն ներդրումներ ապահովել՝ ապահովելով երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորում»,-ասաց նա: Նախարարը նշեց, թե կարծում է, որ նման արդյունքը շատ ավելի կարևոր է թե՛ երկրի, թե՛ քաղաքացիների, թե՛ այսօրվա և վաղվա կենսաթոշակառուի շահերի ապահովման տեսակետից: «Բացի այդ ժամանակի ընթացքում բեռը սկսում է նվազել, իհարկե այս պահին տարեթվերով հարաբերակցություն չեմ կարող ասել, բայց կարող ենք միասին նայել, թե ժամանակին ինչպես է բեռը տարաբաշխվում»,-ասաց նա:
Մեկնաբանություններ