«Թուֆենկյան»-ի մոտ սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվողներին ՀՀ տեղափոխելու համար միջնորդություններ են ուղարկվել Վրաստանի դատախազություն

Սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող 2 անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու համար միջնորդություններ է ուղարկվել Վրաստան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: ««Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերով տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունը սահմանված կարգով արդեն վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի Դատախազություն»,-գրել է Աբրահամյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության լրատվության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել, որ ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.