
Թուրքական SONAR մասնավոր հետազոտական կենտրոնը նախնական ուսումնասիրություն է անցկացրել եկող տարի երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, նոյեմբերի 1-6-ը Թուրքիայի 26 նահանգում 3.000 քաղաքացիների շրջանում անկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն տալ պատրաստ է քաղաքացիների ընդամենը 38.5 տոկոսը:
ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմած «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը համարվում է «Գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը, այս անգամ առհասարակ խորհրդարան անցնելու շանսեր չունի: Հարցումը ցույց է տվել, որ ազգայնականները պահանջվող 10 տոկոսից ներկա փուլում կարող են հավաքել միայն 7.78%-ը:
Միևնույն ժամանակ, նորաստեղծ «Լավ» ազգայնական կուսակցությանն իրենց աջակցությունն են հայտնել հարցմանը մասնակցածների 16 տոկոսը:
Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանն աջակցում է հարցվածների 10.33 տոկոսը, իսկ քեմալական ժողովրդահանրապետականներին՝ 23.5%-ը: