Թուրքիայի վարչապետի որդիները հայտնվել են նոր օֆշորային սկանդալի կենտրոնում

Ինչպես գրում է BBC-ի թուրքական ծառայությունը, ըստ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի՝ Թուրքիայի վարչապետի որդիներ Էքրամ և Բյուլենթ Յըլդըրըմները բավականին մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում: Լուրը բավականին մեծ արձագանք է գտել հատկապես թուրքական ընդդիմադիր մամուլում: Ի դեպ, ավելի վաղ Բինալի Յըլդըրըմի որդիներից Էքրամը հայտնվել էր ընդդիմադիր մամուլի թիրախում, երբ համացանցում էին հայտնվել նրա՝ Սինգապուրի խաղատներից մեկում արված աղմկահարույց լուսանկարները: Նշենք, որ ըստ բացահայտված նոր տվյալների՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը 10 միլիոն ֆունտ սթերլինգ (13 միլիոն դոլար) է ներդրել օֆշորներում: Դեռևս ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։ Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.