
Աշխարհում ամենահայտնի արևելյան քաղցրավենիքներից մեկը՝ լոխումը Ամերիկա մայրցամաք է հասել 20-րդ դարի սկզբին և, ինչպես պարզվում է, մեծ ճանաչում է գտել երկու հայ գաղթականների շնորհիվ, այս մասին է գրում թուրքալեզու kronos.news կայքը:
Արմեն Դերձակյանի ու Մարկ Բալաբանի հիմնած փոքրիկ ընկերությունը ժամանակի հետ մեծ հաջողություն է ունենում Վաշինգտոնում, ինչից հետո խոշոր պատվերներ է սկսում գրանցել ամբողջ երկրից:
ԱՄՆ-ի տարածքում լոխումի առաջին գործարանը հիմնած հայազգի գործարարների թոռներն այսօր պատմում են, որ պապիկների նպատակն էր գաղթական երեխաների մանկության համը վերակենդանացնել այստեղ՝ նոր մայրցամաքում, թեկուզ և ոչ մայրենի հողի բարիքներից պատրաստված բաղադրիչներով:
Լոխումի յուրահատուկ համի գաղտնիքը լավ իմացող հայ գաղթականները, սակայն, այն ոչ պակաս համեղ պատրաստելու ձևը գտել էին նաև ԱՄՆ-ում՝ լոխումի պատրաստման մեջ շեշտը դնելով վարդի օշարակի վրա, որն էլ դարձավ դրա հաջողության գաղտնիքը: